Գիտաուսումնական կենտրոն
Գիտական գործունեություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության արդի հիմնահարցերի վերաբերյալ գիտական հետազոտությունների կազմակերպման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման աշխատանքներն իրականացվում են համապատասխան նորմատիվ իրավական և կազմակերպամեթոդական փաստաթղթերի հիման վրա։ Այդ գործունեության իրավական հիմքերից է «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, որով ազգային անվտանգության մարմիններին վերապահված է ՀՀ ազգային անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու լիազորությունը։
Կենտրոնի հիմնադրման օրվանից ի վեր ՀՀ ԱԱԾ նպատակային հայտերի հիման վրա Ծառայության ավելի քան երեք տասնյակ աշխատակիցներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական և գիտական հաստատություններում ուսումնառել կամ շարունակում են ուսումնառել ասպիրանտուրայում և հայցորդության համակարգում։ Նրանցից շատերն արդեն հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Կենտրոնի մասնագետների կողմից ամեն տարի պատրաստվում և հրատարակվում են բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտագործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ, տեղեկատվական և մեթոդական ուղեցույցներ։ Դրանք կիրառվում են Կենտրոնի ուսումնական գործընթացում, ինչպես նաև տրամադրվում Ծառայության ստորաբաժանումներին՝ իրենց գործունեության ընթացքում գործնականում օգտագործելու նպատակով։
Վերջին տարիներին պատրաստված և հրատարակված «Օպերատիվ-հետախուզական գործունեության հիմունքներ» և «Ազգային անվտանգության մարմինների՝ որպես հետաքննության մարմինների քրեադատավարական կարգավիճակը» ծավալուն իրավակիրառական ուղեցույցները տրամադրվել են նաև իրավապահ համակարգի և շահագրգիռ այլ կառույցների։
Կենտրոնի գիտական գործունեության կարևոր ուղղություններից է համագործակցությունը հանրապետության առաջատար գիտական հաստատությունների և գործընկեր հատուկ ծառայությունների հետ։
Կենտրոնը մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող միջազգային գիտաժողովների, գիտագործնական համաժողովների և կոնֆերանսների՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափերով։ Ակտիվ համագործակցություն է ծավալվում նաև ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների գիտակրթական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ դրանց ղեկավար կազմի մակարդակով կազմակերպվող մասնագիտական միջոցառումների շրջանակում։
Կարևոր նշանակություն է տրվում նաև Կենտրոնի դասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացմանը, գիտամանկավարժական կարողությունների կատարելագործմանը և վերապատրաստումների կազմակերպմանը։
Գիտական և գիտամեթոդական գործունեության շրջանակում Կենտրոնն ակտիվորեն մասնակցում է ազգային անվտանգության ապահովման հիմնարար ուղղություններին առնչվող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև հայեցակարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներին։