Ծառայություն
Պատմություն
Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի՝ հազարամյակների խորքից ձգվող պատմության հետ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. IX-VII դդ.) հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Հին և Միջնադարյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ (նախարարական տներ, գործակալություններ), այնպես էլ առանձին պետական պաշտոնյաներ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև ռազմական և այլ գաղտնիքների պահպանությունը:
Արխիվային տվյալները թեև սուղ են, բայց հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հատուկ ծառայությունները Առաջին Հանրապետության անվտանգության համակարգի անբաժանելի մասն են կազմել: 1918-20թթ. դժվարին պայմաններում այդ կարևոր կառույցը գործել է որպես ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունք: Հատուկ ծառայությունների գործունեության առանցքը կազմել է պայքարը օտարերկրյա պետությունների թշնամական գործունեության դեմ: Փոքրաքանակ կադրային ռեսուրսներով և սուղ հնարավորություններով ձեռք են բերվել անհրաժեշտ տեղեկություններ Անդրկովկասում ուժերի դասավորության, զորքերի տեղաշարժի, թշնամաբար տրամադրված պետությունների կողմից ձեռնարկվող քայքայիչ գործողությունների վերաբերյալ: Բացահայտվել են մի շարք լրտեսներ, այդ թվում վնասազերծվել և որպես անցանկալի անձ երկրից արտաքսվել է լրտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա դիվանագետը:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի օր անց՝ 1920թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հեղկոմի ընդունած առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (ԱՀ) ստեղծմանը:
ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը (Այվազյան): 1921թ. հունվարից կառույցը ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը, որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ. ղեկավարել է համակարգը): 1929թ. մարտից մինչև 1930թ. հոկտեմբեր ՀԽՍՀ պետքաղվարչությունում մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օտյանը, ովքեր, այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը, դարձան 1937-1938թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:
Հայրենական Մեծ պատերազմի և հետպատերազմյան տարիներին Հայաստանի պետանվտանգության մարմիններում ծառայել են պատերազմի ավելի քան 260 մասնակիցներ, որոնք քաջաբար մարտնչել են տարբեր ռազմաճակատներում:
1954թ. մարտի 13-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ) կազմավորելու մասին:
1991թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի անկախությունը դարձավ իրականություն, և օրակարգային դարձավ անվտանգության մարմինների վերակազմավորման հիմնախնդիրը:
1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին ՀՀ օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն (ԱԱՊՎ):
Նորանկախ պետության ձևավորման առաջին տարիներին անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց նվիրական մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի համար մղված մարտերում:
1995թ. ԱԱՊՎ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարություն:
1996թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների միավորման արդյունքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (ՀՀ ՆԳ և ԱԱՆ), որը կրկին տարանջատվեց 1999թ. նոյեմբերի 13-ին:
ՀՀ նախագահի հրամանագրով 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերակազմավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԿԱ ԱԱԾ):
2018 թվականի հունիսի 28-ին հաստատվեց ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին հանդիսացող ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) նոր կանոնադրությունը և կառուցվածքը, ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում՝ տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման գործառույթներով:
ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողներն անձնվիրաբար մասնակցել են 2020թ. արցախյան պատերազմին՝ տալով տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց անուններն ու անձնազոհությունը, ինչպես հազարավոր մյուս հայորդիների դեպքում, հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ և ոսկե տառերով կգրվեն հայոց պատմության էջերում: