Տեղեկատվական կենտրոն
Տեղեկատվություն ստանալու կարգը և հարցման օրինակելի ձևը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկատվության տրամադրումն իրականացվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշման, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:
• «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
• Հարցումներ ներկայացնելու կարգը
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
դա չի պարունակում նշված բոլոր տվյալները.
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է։
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը:
• Ժամկետներ
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
Տեղեկատվության ազատության սահմանափակումները
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն՝
պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք
խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Հիշյալ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝
վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.
տրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։
Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձև
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն
քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն,
(իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և գտնվելու վայրը)
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի՛ պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ