Գիտաուսումնական կենտրոն
Ուսումնական գործընթաց
Գիտաուսումնական կենտրոնը ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման ժամանակակից գիտակրթական հաստատություն է, որտեղ մասնագիտական կրթություն և վերապատրաստում են անցնում ՀՀ ԱԱԾ սպայական, ենթասպայական և շարքային կազմերի ծառայողները։
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ներառելով տեսանյութեր, սխեմատիկ և գրաֆիկական ներկայացումներ, ինչպես նաև հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները լուսաբանող մասնագիտական ուսումնական ֆիլմեր։ Ուսումնական լսարանները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ ունկնդիրների տրամադրության տակ են մշտապես համալրվող գրադարանային ֆոնդերն ու ընթերցասրահը։
Կարևոր տեղ է հատկացվում նաև արտալսարանային ուսուցմանը։ Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և դասախոսություններ, որոնց ընթացքում Հանրապետության առաջատար բուհերի մասնագետները Ծառայության անձնակազմի հետ քննարկում են աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստանի համար արդիական նշանակություն ունեցող թեմաներ։
Ուսումնական ծրագրերն ընդգրկում են ազգային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունները՝ հակահետախուզություն, ռազմական հակահետախուզություն, պետական սահմանի պահպանություն, հանցավորության դեմ պայքար, ինչպես նաև՝ ազգային անվտանգության ապահովման հիմնահարցեր, տնտեսական և տեղեկատվական անվտանգություն, միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, մասնագիտական այլ արդիական ոլորտներ։ Այս ուղղություններով իրականացվում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համալիր ուսուցում։
Գիտելիքների գնահատման և ստուգման գործընթացում ներդրված է թվային տեխնոլոգիաների վրա հիմնված թեստավորման համակարգ, որն ապահովում է ուսումնական արդյունքների գնահատման ժամանակակից և օբյեկտիվ մոտեցում։
Ուսումնական գործընթացի շարունակական կատարելագործման և արդիականացման նպատակով ՀՀ ԱԱԾ ղեկավարության որոշմամբ 2025 թվականից ներդրվել է մասնագիտական կադրերի պատրաստման նոր մոդել։ Այն միտված է ուսուցման անհատականացմանը, ունկնդիրների ներգրավվածության և մոտիվացիայի բարձրացմանը՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների արդյունավետ համադրման միջոցով։ 2024 թվականից Կենտրոնում գործում է «Սահմանապահ ծառայության» ամբիոնը, որն իրականացնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրեր։ Ամբիոնի գործունեության կարևոր ուղղություններից են միջազգային համագործակցության զարգացումը և գործընկեր երկրների հետ մասնագիտական փորձի փոխանակումը։Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման և շարունակականության ապահովման նպատակով ներդրվել են նաև համակարգչային տեխնոլոգիաների վրա հիմնված ուսուցման հնարավորություններ։ Դրանք ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին թույլ են տալիս, առանց ծառայությունից կտրվելու, մասնակցել ուսումնական ծրագրերին և օգտվել ուսումնական նյութերի էլեկտրոնային արխիվից։