Նախարարություն
Կառուցվածք
Վարչություններ
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի համաձայն` ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերից է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Այս կարևորագույն խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծվել է Առաջին հակահետախուզական գլխավոր վարչությունը, որն իրականացնում է արտաքին հակահետախուզական գործունեություն։
Արտաքին հակահետախուզությունը ՀՀ ազգային անվտանգության մարմինների իրավասությունների սահմաններում իրականացվող գործունեություն է, որն ուղղված է՝ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովմանը, այդ մարմիններում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանը, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների անվտանգության ապահովմանը։
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հնարավորություն են տալիս ժամանակին բացահայտելու և կանխելու օտարերկրյա հատուկ ծառայությունների, այլ կազմակերպությունների և առանձին անձանց հետախուզական գործունեությունը։
Արտաքին հակահետախուզական գործառույթ իրականացնող Առաջին հակահետախուզական գլխավոր վարչությունն իր իրավասությունների սահմաններում նաև համագործակցում է օտարերկրյա գործընկեր հատուկ ծառայությունների հետ։
Հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Այն ազգային անվտանգության մարմինների կարևորագույն բաղադրիչներից և գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է, առանց որի անհնար է դիմագրավել պետության, հասարակության և անձի անվտանգության դեմ ուղղված արտաքին և ներքին վտանգներ պարունակող բազմաբնույթ սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ նկրտումներով և ոտնձգություններով:
Հակահետախուզության մարմնին լուրջ դերակատարություն է վերապահված նաև պետության քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտակրթական, հասարակական և այլ ոլորտների անվտանգության ապահովման, պետական գաղտնիքի պահպանության գործառույթներում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հակահետախուզության մարմինները, սկզբնավորման օրից առ այսօր, իրենց գործառույթները կազմակերպում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառմամբ՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներով ու գերատեսչական նորմատիվ ակտերով:
1992 թվականից ի վեր ՀՀ հակահետախուզության մարմիններին հաջողվել է բացահայտել հիմնական հակառակորդ և այլ օտարերկրյա հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ լրտեսներ ու գործակալներ, չեզոքացվել ու կանխվել են պետության անվտանգության դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ներթափանցման մի շարք ծրագրեր և գործողություններ:
Ներկա աշխարհաքաղաքական բարդ և արագ փոփոխվող իրավիճակների պայմաններում ՀՀ ԱԱԾ հակահետախուզական մարմիններն ի զորու են և հաջողությամբ շարունակում են կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները:
Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործառույթ է՝ ուղղված ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների նկատմամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում և զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում՝ հանցագործությունները բացահայտելու, կանխելու և խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով»:
ՀՀ ԱԱԾ ՌՀՀ մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Պետական գաղտնիքի մասին» և այլ օրենքներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ իրավական ակտերով և ռազմական հակահետախուզության կանոնադրությամբ։
Ռազմական հակահետախուզության մարմինները՝ ՀՀ շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրավիճակում հաջողությամբ իրականացնում են իրենց գործառույթները՝ վերապահված տեղամասերում բացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ ու լրտեսներ, բազմաթիվ դեպքերով կանխել ու խափանել են Հայաստանի Հանրապետության, նրա զինված ուժերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների, կազմակերպությունների և առանձին անձանց հետախուզական քայքայիչ գործունեությունը։
Ռազմական հակահետախուզության ստորաբաժանումները հսկողություն են սահմանում նաև ՀՀ զինված ուժերում պետական գաղտնիքի պահպանման գործընթացի նկատմամբ՝ բացահայտելով ու կանխելով գաղտնիքների հնարավոր արտահոսքի ուղիները։
Ռազմական հակահետախուզությունը՝ որպես ԱԱԾ առանձին մարմին, իր գործունեությունը ծավալում է 1995 թվականից և այդ ժամանակահատվածից սկսած ներգրավված է ՀՀ ԶՈՒ համակարգի մարտունակությանը և մարտական պատրաստականությանը խոչընդոտող երևույթների վեր հանմանն ու հրամանատարությանն աջակցելու գործընթացում՝ այդ ընթացքում բացահայտելով ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ դեպքեր։
«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ազգային անվտանգության մարմինների պարտականությունից և խնդիրներից է բացահայտել, կանխել, խափանել ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև պայքարել անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ։ ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գործառույթ իրականացնող մարմինը համակարգում է ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ տարածքում կենսապահովման և կրիտիկական կարևոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության և այլ ծայրահեղական դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորաբաժանումը պատրաստում է առաջարկներ՝ ուղղված վերը նշված սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանության ոլորտում ՀՀ նորմատիվ ակտերի մշակմանն ու կատարելագործմանը, տեղեկատվության մշտական փոխանակման նպատակով համագործակցում է արտասահմանյան հակաահաբեկչական կառույցների հետ, ուսումնասիրում նրանց փորձը։ Համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցի աշխատակիցների կողմից պահպանվում են աշխատանքային շփումներ ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կառույցների, կազմակերպությունների (Ինտերպոլի, ՄԱԿ-ի կառույցների) և այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Կառույցի աշխատակիցները մանրակրկիտ ուսումնասիրում և վերլուծում են աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական կամ այլ ծայրահեղական դրսևորումների դեպքերը, դրանց ծագման պատճառներն ու պայմանները, հատուկ ծառայությունների կողմից դրանց չեզոքացմանը կամ հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։ Նշված գործունեության արդյունքում կուտակված տեսական գիտելիքները հետագայում փորձարկվում են իրականացվող գործնական զորավարժություններում և տարատեսակ վարժանքներում։ Պլանային հիմունքներով կազմակերպվում և իրականացվում են զորավարժություններ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող սուբյեկտների հետ, այդ թվում ՀՀ կենսապահովման և կրիտիկական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներում։ Վարժանքների ընթացքում մոդելավորվում են տարբեր օբյեկտներում ահաբեկչական գործողությունների իրականացման իրավիճակներ, այդ թվում՝ «պատանդների» ազատում և «ահաբեկիչների» հետ բանակցությունների վարում։ Նման զորավարժություններ յուրաքանչյուր տարի իրականացվում են նաև ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի հետ, որոնք սովորաբար անցնում են մի քանի փուլով, վարժանքներին մասնակցող պետությունների տարածքներում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների ներգրավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող ոչ մի պետական մարմին չի կարող հասնել հաջողության առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցության։
Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր մակարդակ ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետևողական, գրագետ, պլանավորված և համագործակցված գործողությունների իրականացում:
ՀՀ-ում արձանագրված տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալների համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրական սպառնալիք է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, քանի որ այդ բնույթի հանցագործությունները ուղղակի հարվածում են պետության կենսագործունեության համար կարևորագույն՝ ֆինանսական, տնտեսական ոլորտների բնականոն աշխատանքին, հակասում են տնտեսվարողների միջև հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին, ինչպես նաև վտանգում են Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական գրավչությունը հնարավոր խոշոր ներդրումների համար։ ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությամբ պայմանավորված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված իրավական, կառուցվածքային և կազմակերպչական բնույթի լուրջ բարեփոխումների շրջանակում, վերը նշված սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծվել է Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման առանձին մարմին։
Ստորաբաժանումը հակահետախուզական ապահովում է իրականացնում հիմնականում կենսապահովման, ֆինանսաբյուջետային, հարկային, մաքսային, տրանսպորտի, դատական ու իրավապահ համակարգերի ոլորտներում, ինչպես նաև կատարում է համապատասխան տեղեկատվավերլուծական աշխատանք, որն իրականացվում է ԱԱԾ` մասնագիտական համապատասխան գիտելիքներ ունեցող աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման մարմինը համագործակցում է ինչպես ԱԱԾ ստորաբաժանումների, այնպես էլ այլ գերատեսչությունների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 1992թ. հունվարի 28-ի հրամանով ստեղծվում է սահմանապահ զորքերի վարչությունը` պայմանավորված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիությունն ապահովելու, անդրսահմանային հանցավոր գործունեությունը, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտումները կանխելու, պետական սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումն իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության նախագահի 1993թ. սեպտեմբերի 11-ի հրամանագրով վարչությունն անցնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ենթակայության տակ:
1994թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունվում է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքը, որով սահմանվեց Հայաստանի Հանրապետության պետական սահման հասկացությունը, պետական սահմանի պահպանությունը, տեղորոշումը, փոփոխումը և գծանշումը, պետական սահմանի, սահմանային գոտու և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ՀՕՊ զորքերի լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում, պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և կազմակերպությունների մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը: Հաշվի առնելով օրենքի պատմական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. որոշմամբ որոշվեց ապրիլի 26-ը նշել որպես Սահմանապահի օր:
2001թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվում է «Սահմանապահ զորքերի մասին» օրենքը, որով սահմանվեց գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են 3 տարբեր գերատեսչություններ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Սկզբնական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանապահ զորքերի վարչության կազմում ընդգրկված էին երկու սահմանապահ ջոկատներ (ՍՋ) և Հատուկ գունդը: 1-ին սահմանապահ ջոկատը տեղակայված էր Սիսիան քաղաքում, իսկ 2-րդ սահմանապահ ջոկատը Սևան, ապա՝ Իջևան քաղաքներում:
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է 5060 զորամասը: 1993թ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է «Պուշկինո» սահմանապահ ջոկատը, որը հոկտեմբերի 1-ին ք.Սիսիանից վերատեղակայվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պուշկինո գյուղում: 5060 զորամասի կազմում կազմավորվում են Նոյեմբերյանի, Տաշիրի և Աշոցքի սահմանապահ պարետատները: Զորամասը պահպանում է Հայաստան-Վրաստան պետական սահմանի տեղամասը: Զորամասի օրը նշվում է հոկտեմբերի 1-ին:
1993թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է 5070 զորամասը, որը պահպանել է հայ-իրանական պետական սահմանի հատվածը: 2020թ. դեկտեմբերից 5070 զորամասը տեղակայվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և այժմ պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշակի հատված: Զորամասի օրը նշվում է հունիսի 2-ին:
2006թ. հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կազմավորվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատը՝ 5080 զորամասը, որի ստորաբաժանումները սահմանային վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի՝ «Զվարթնոց», «Գյումրի» և «Էրեբունի» օդային, «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Ագարակ և «Պրիվոլնոյե» ավտոմոբիլային, ինչպես նաև «Այրում» երկաթուղային անցման կետերում: 2025թ. փետրվարի 28-ից «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ուժերով և միջոցներով իրականացվում է նաև «Մարգարա» անցման կետի պահպանությունը:
2016թ. ամբողջովին վերակառուցվել և տեխնիկապես վերազինվել են Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն» և «Գոգավան», իսկ 2017թ.՝ «Բավրա» անցման կետերը, որի արդյունքում անցման կետերն ամբողջովին համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:
2021թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ստեղծվում է 5075 զորամասը, որը պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի Սյունիքի մարզի որոշակի տեղամաս: Զորամասի օրը նշվում է օգոստոսի 21-ին:
2024թ. Տավուշի մարզից սկսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից հետո, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի սեպտեմբերի 2-ի հրամանով ստեղծվել է 5065 զորամասը, որը պահպանում է Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի մարզի որոշակի տեղամաս:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների պատրաստությունն ու վերապատրաստումն իրականացվում են ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի «սահմանապահ» ամբիոնում և Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության բարձրագույն զինվորական հաստատություններում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության (ծառայության) սահմանապահ զորքերը 1992 թվականից ի վեր ղեկավարել են գեներալ-մայոր Գրիգորի Գրիգորյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը, գնդապետ Վյաչեսլավ Ոսկանյանը, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, գնդապետ Արման Մարալչյանը և գնդապետ Էդգար Հունանյանը: 2025թ. նոյեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել գնդապետ Գարիկ Մուրադյանը:
Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության ամենօրյա բարդ և պատասխանատու խնդիրների լուծմանը զուգահեռ, ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, թրաֆիքինգի և այլ հանցագործությունների դեմ իրականացվող պայքարում, ինչպես նաև իրականացնում են արդյունավետ աշխատանք միջազգային առաջավոր փորձի յուրացման, ժամանակակից միջոցների և մեթոդների ներդրման ուղղությամբ:
Պետական սահմանի պահպանության համակարգի որակական բարեփոխումների արդյունքում, այսօր սահմանապահ զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ տեսադիտարկման համակարգերով, ազդանշանային սարքերով, գիշերային, ցերեկային և ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով և այլ սարքավորումներով: