Ծառայություն
Ազգային անվտանգության մարմինների պատմության թանգարան

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը հիմնադրվել է 2006 թվականին։ Այն տեղակայված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում։
Թանգարանի նպատակն է մեկտեղել, պահպանել և համակարգել Հայաստանի անվտանգության մարմինների պատմությանն ու գործունեությանը, ձեռքբերումներին և շրջադարձային իրադարձություններին վերաբերող փաստագրական ու պատմական նյութերը, ապահովել դրանց գիտական ուսումնասիրության հնարավորությունները և նպաստել անվտանգության մարմինների պատմության, մասնագիտական ժառանգության ու նշանակալի իրադարձությունների հանրահռչակմանը։
Ցուցադրությունն ընդգրկում է անվտանգության ապահովման պատմությունը Հին Հայաստանում, Հայաստանի Առաջին Հանրապետության և խորհրդային ժամանակաշրջաններում, ինչպես նաև ներկայացնում է հետախուզության և հակահետախուզության ժամանակակից գործունեությունը, սահմանադրական կարգի պահպանության, սահմանապահ զորքերի, միջազգային համագործակցության, կադրերի պատրաստման և օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումների պատմությունը։ Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 160 ցուցանմուշ։
Թանգարանի գործունեության կարևոր ուղղություններից է թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը։ Տարբեր տարիներին ներկայացվել են Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակիցների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, անկախության տարիների ձեռքբերումներն ու շրջադարձային իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունների գործունեությանը վերաբերող արխիվային նյութերը։
Ցուցահանդեսների հիման վրա հրատարակվել են երեք պատմական ակնարկներ՝ «Պետանվտանգության աշխատակիցները 2-րդ համաշխարհային պատերազմում», «Պետության անտեսանելի պատվարը․ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության ուրվագծեր» և «Հետախուզության և հակահետախուզության հերոսապատումից․ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության դրվագներ»։
Թանգարանի նյութերի և մասնագիտական խորհրդատվության հիման վրա Հանրային հեռուստատեսության հետ համատեղ նկարահանվել են «Անտեսանելի պատվարը» և «Անհայտ հերոսներ» ֆիլմերը։ Ստեղծվել է նաև շուրջ տասը փաստավավերագրական ֆիլմ ընդգրկող «Հույժ գաղտնի» ֆիլմաշարը։ Թանգարանի թեմատիկային անդրադարձել են նաև «Անծանոթ Երևան» հաղորդաշարը և 2023 թվականին Ծառայության մամուլի կենտրոնի պատրաստած «Լեգենդար հետախույզները․ Գևորգ և Գոհար Վարդանյաններ» ֆիլմը։

Թանգարանը մասնակցել է նաև պատմական ժառանգության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնություններին։ 2014 թվականին Գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ և տրամադրած նյութերի հիման վրա «Հայփոստը» թողարկել է «Հայազգի հետախույզներ» շարքի նամականիշները, իսկ 2018 թվականին թանգարանում տեղի է ունեցել հայկական հատուկ ծառայությունների կազմավորման 100-ամյակին նվիրված նամականիշի առաջին ծրարի մարման հանդիսավոր արարողությունը։
Ցուցադրության առանձնահատուկ հատվածներից է «Հետախուզություն և հակահետախուզություն․ հայկական հետք» ցուցափեղկը, որտեղ ներկայացված են խորհրդային տարիներին հետախուզական գործունեություն իրականացրած հայազգի հետախույզների կյանքն ու գործունեությունը։ Ցուցանմուշների շարքում են նրանց անձնական իրերն ու լուսանկարները, որոնց մի մասը թանգարանին են նվիրաբերվել անձամբ հետախույզների կամ նրանց հարազատների կողմից։
Վերջին տարիներին թանգարանի հավաքածուն հարստացել է նաև միջազգային համագործակցության շրջանակներում ստացված հուշանվերներով։ Իր գործունեության տարիներին թանգարանն ընդունել է գործընկեր հատուկ ծառայությունների պատվիրակությունների, պետական գործիչների, ճանաչված գիտնականների, լրագրողների, ուսանողների և բազմաթիվ այլ հյուրերի։
«Հին Հայաստանում անվտանգության ապահովման գործից» խորագրով ցուցափեղկը ներկայացնում է Հին Հայաստանում անվտանգության գործառույթներ իրականացնող մարմինների գործունեությունը, այդ ոլորտին առնչվող պատմական վկայություններ, ինչպես նաև հայ պատմագիրների աշխատություններից համապա-տասխան մեջբերումներ։

«Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները» խորագրով ցուցափեղկը ներկայացնում է 1918-1920 թվականներին ՀՀ հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ ՀՀ Զինվորական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժան-մունքի ստեղծման պատմությունն ու գործունեությունը։
Ցուցափեղկում ներկայացված հարուստ փաստագրական նյութերը վկայում են, որ, չնայած երկրի բարդ աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական և ռազմական իրավիճակին, բաժանմունքի փոքրաթիվ կադրային ներուժով իրականացվել է ծավալուն աշխատանք՝ կուտակելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բազմակողմանի և արժեքավոր տեղեկատվություն:

«Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումն ու գործունեությունը» խորագրով ցուցափեղկը ներկայացնում է ՀԽՍՀ պետական անվտանգության մարմինների կազմավորման և գործունեության պատմությունը 1920-1991 թվականներին։ Ցուցադրությունում ընդգրկված են արժեքավոր արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում առգրավված հրազենի ու լրտեսական գործունեության հետ առնչվող միջոցների նմուշներ, ինչպես նաև ժամանակին լայն հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերի նյութեր։

- «Հանդիսավոր միջոցառումների և միջազգային հանդիպումների նյութերից» երկու ցուցափեղկերում տեղադրված են նվերներ, արժեքավոր իրեր, պատվոգրեր, շնորհակալագրեր և շնորհավորանքներ։

«Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» խորագրով ցուցափեղկերը ներկայացնում են 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո ՀՀ ազգային անվտանգության մարմինների, մասնավորապես՝ հետախուզության, հակահետախուզության և ռազմական հակահետախուզության ստորաբաժանումների ձևավորման ու գործունեության պատմությունը։
Ցուցադրությունում ընդգրկված են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ինչպես նաև վերջին տասնամյակներին պետական դավաճանության, լրտեսության, ռադիոակտիվ նյութերի և կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերին վերաբերող ուշագրավ նյութեր։

«Սահմանադրական կարգի պահպանությանն ուղղված գործունեությունից» խորագրով ցուցափեղկը ներկայացնում է Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության, ինչպես նաև օպերատիվ-մարտական գործողություններ իրականացնող «Ա» ստորաբաժանման ստեղծման պատմությունն ու գործունեությունը։
Ցուցադրությունում ներկայացված են ստորաբաժանման գործունեության ընթացքում առգրավված գործարանային և ինքնաշեն զենքերի ու զինամթերքի նմուշներ, ինչպես նաև ուսումնավարժական պարապմունքներն արտացոլող լուսանկարներ։

«Սահմանապահ զորքերի պատմությունից» խորագրով ցուցափեղկում ներկայացված են սահմանապահ զորքերի կազմավորման և գործունեության պատմությունն արտացոլող նյութեր, ուսումնավարժական պարապմունքների, ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողության, ինչպես նաև սահմանապահ ուղեկալների և զորահանդեսների մասին պատմող լուսանկարներ։ Ցուցադրությունում ընդգրկված են նաև սահմանապահ ուղեկալներից թանգարանին փոխանցված հուշանվերներ։

«Միջազգային համագործակցության նյութերից» և «Կադրերի պատրաստման ու գիտաուսումնական գործունեության ժամանակակից պատմությունից» խորագրերով ցուցափեղկերում ներկայացված են գործընկեր հատուկ ծառայությունների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներն ու համագործակցությունն արտացոլող լուսանկարներ, ինչպես նաև Գիտաուսումնական կենտրոնի ստեղծման և գործունեության պատմությունը։
Ցուցադրությունում ընդգրկված են նաև վերջին տարիներին համակարգի վետերանների հեղինակած հուշագրությունների օրինակներ, ինչպես նաև նրանց կողմից թանգարանին նվիրաբերված անձնական իրեր։
«Հետախուզություն և հակահետախուզություն․ հայկական հետք» խորագրով ցուցափեղկը նվիրված է խորհրդային տարիներին գործունեություն ծավալած ականավոր հայազգի հետախույզներին և հակահետախույզներին։ Ներկայացված են նրանց լուսանկարները, կենսագրական տեղեկությունները, անձնական իրերն ու փաստաթղթերը։
Առանձնահատուկ տեղ է հատկացված Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի կյանքին ու գործունեությանը։ Ցուցադրված են նաև նրանց կողմից թանգարանին նվիրաբերված անձնական իրեր, որոնք ուղեկցել են նրանց 46-ամյա հետախուզական գործունեության ընթացքում։

«Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումների պատմությունից» խորագրով ցուցափեղկում ներկայացված են այդ ստորաբաժանումների կողմից օգտագործված, հիմնականում խորհրդային ժամանակաշրջանին վերաբերող օպերատիվ-տեխնիկական սարքավորումների նմուշներ՝ լուսանկարահանող և տեսագրող սարքեր, հեռախոսներ, ինչպես նաև ծածկագրման և վերծանման ապարատներ։