Անձնակազմի կառավարում

Ինչպես դառնալ ԱԱԾ աշխատակից

1.  Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձի, որն ուսման ընթացքում անցել է զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սպայական պաշտոններում քաղաքացիները ծառայության ընդունվում են բարձրագույն կրթության, իսկ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

5. Թեկնածուի անձնական, գործնական և բարոյական հատկանիշները ներառում են՝

- հայրենասիրությունը,
- օրինապահությունը,
- հավատարմությունը զինվորական երդմանը,
- պատասխանատվության բարձր զգացումը,
- համեստությունը,
- բարյացակամությունը,
- օբյեկտիվ ինքնագնահատման ունակությունը,
- տոկունությունը,
- աշխատասիրությունը և կամային բարձր հատկանիշները,
- բարեվարքությունը,
- հանդուրժողականությունը,
- բարեկրթությունը,
- համարձակությունը,
- ազնվությունը,
- հնարամտությունը,
- բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը,
- հոգեկան կայունությունը և սթրեսակայունությունը,
- մարդկանց հետ շփվելու և աշխատելու ունակությունը,
- կարգապահությունը,
- անձնվիրությունը:

6. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում: Բժշկական հետազոտությունը ներառում է նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
 

Դիմել կարող եք՝

ta@sns.am էլ. փոստի հասցեով՝ ուղարկելով դիմում, կամ այն ներկայացնելով առձեռն կամ փոստով՝ ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով:

 


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.

3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական կազմակերպության անդամ.

9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության անդամ կամ աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ուսումնական հաստատություններում սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող մասնագիտություններով հեռակա ուսուցման ձևով` միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող և ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձևի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը: