Ծառայություն
Կառուցվածք
Վարչություններ
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի համաձայն` ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմքերից է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Այս կարևորագույն խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծվել է Առաջին հակահետախուզական գլխավոր վարչությունը, որն իրականացնում է արտաքին հակահետախուզական գործունեություն։
Արտաքին հակահետախուզությունը ՀՀ ազգային անվտանգության մարմինների իրավասությունների սահմաններում իրականացվող գործունեություն է, որն ուղղված է՝ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովմանը, այդ մարմիններում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանը, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների անվտանգության ապահովմանը։
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հնարավորություն են տալիս ժամանակին բացահայտելու և կանխելու օտարերկրյա հատուկ ծառայությունների, այլ կազմակերպությունների և առանձին անձանց հետախուզական գործունեությունը։
Արտաքին հակահետախուզական գործառույթ իրականացնող Առաջին հակահետախուզական գլխավոր վարչությունն իր իրավասությունների սահմաններում նաև համագործակցում է օտարերկրյա գործընկեր հատուկ ծառայությունների հետ։
Հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Այն ազգային անվտանգության մարմինների կարևորագույն բաղադրիչներից և գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է, առանց որի անհնար է դիմագրավել պետության, հասարակության և անձի անվտանգության դեմ ուղղված արտաքին և ներքին վտանգներ պարունակող բազմաբնույթ սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ նկրտումներով և ոտնձգություններով:
Հակահետախուզության մարմնին լուրջ դերակատարություն է վերապահված նաև պետության քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտակրթական, հասարակական և այլ ոլորտների անվտանգության ապահովման, պետական գաղտնիքի պահպանության գործառույթներում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հակահետախուզության մարմինները, սկզբնավորման օրից առ այսօր, իրենց գործառույթները կազմակերպում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառմամբ՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներով ու գերատեսչական նորմատիվ ակտերով:
ՀՀ հակահետախուզության մարմիններին հաջողվել է բացահայտել օտարերկրյա հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ լրտեսներ ու գործակալներ, չեզոքացվել ու կանխվել են պետության անվտանգության դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ներթափանցման մի շարք ծրագրեր և գործողություններ:
Ներկա աշխարհաքաղաքական բարդ և արագ փոփոխվող իրավիճակների պայմաններում ՀՀ ԱԱԾ հակահետախուզական մարմիններն ի զորու են և հաջողությամբ շարունակում են կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները:
Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում իրականացվող գործառույթ է՝ ուղղված ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների նկատմամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Ռազմական հակահետախուզությունն ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ռազմական հակահետախուզական գործունեությունը լիազորված մարմնի ռազմական հակահետախուզական մարմնի (ծառայությունների, բաժինների, բաժանմունքների) կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, այլ զորքերում և զինվորական կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում՝ հանցագործությունները բացահայտելու, կանխելու և խափանելու, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափանցումից պաշտպանելու, ինչպես նաև մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու նպատակով»:
ՀՀ ԱԱԾ ՌՀՀ մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Պետական գաղտնիքի մասին» և այլ օրենքներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ իրավական ակտերով և ռազմական հակահետախուզության կանոնադրությամբ։
Ռազմական հակահետախուզության մարմինները՝ ՀՀ շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրավիճակում հաջողությամբ իրականացնում են իրենց գործառույթները՝ վերապահված տեղամասերում բացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ ու լրտեսներ, բազմաթիվ դեպքերով կանխել ու խափանել են Հայաստանի Հանրապետության, նրա զինված ուժերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների, կազմակերպությունների և առանձին անձանց հետախուզական քայքայիչ գործունեությունը։
Ռազմական հակահետախուզության ստորաբաժանումները հսկողություն են սահմանում նաև ՀՀ զինված ուժերում պետական գաղտնիքի պահպանման գործընթացի նկատմամբ՝ բացահայտելով ու կանխելով գաղտնիքների հնարավոր արտահոսքի ուղիները։
Ռազմական հակահետախուզությունը՝ որպես ԱԱԾ առանձին մարմին, իր գործունեությունը ծավալում է 1995 թվականից և այդ ժամանակահատվածից սկսած ներգրավված է ՀՀ ԶՈՒ համակարգի մարտունակությանը և մարտական պատրաստականությանը խոչընդոտող երևույթների վեր հանմանն ու հրամանատարությանն աջակցելու գործընթացում՝ այդ ընթացքում բացահայտելով ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ դեպքեր։
«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ազգային անվտանգության մարմինների պարտականությունից և խնդիրներից է բացահայտել, կանխել, խափանել ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև պայքարել անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ։ ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գործառույթ իրականացնող մարմինը համակարգում է ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ տարածքում կենսապահովման և կրիտիկական կարևոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության և այլ ծայրահեղական դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորաբաժանումը պատրաստում է առաջարկներ՝ ուղղված վերը նշված սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանության ոլորտում ՀՀ նորմատիվ ակտերի մշակմանն ու կատարելագործմանը, տեղեկատվության մշտական փոխանակման նպատակով համագործակցում է արտասահմանյան հակաահաբեկչական կառույցների հետ, ուսումնասիրում նրանց փորձը։ Համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցի աշխատակիցների կողմից պահպանվում են աշխատանքային շփումներ ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կառույցների, կազմակերպությունների (Ինտերպոլի, ՄԱԿ-ի կառույցների) և այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Կառույցի աշխատակիցները մանրակրկիտ ուսումնասիրում և վերլուծում են աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական կամ այլ ծայրահեղական դրսևորումների դեպքերը, դրանց ծագման պատճառներն ու պայմանները, հատուկ ծառայությունների կողմից դրանց չեզոքացմանը կամ հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։ Նշված գործունեության արդյունքում կուտակված տեսական գիտելիքները հետագայում փորձարկվում են իրականացվող գործնական զորավարժություններում և տարատեսակ վարժանքներում։ Պլանային հիմունքներով կազմակերպվում և իրականացվում են զորավարժություններ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող սուբյեկտների հետ, այդ թվում ՀՀ կենսապահովման և կրիտիկական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներում։ Վարժանքների ընթացքում մոդելավորվում են տարբեր օբյեկտներում ահաբեկչական գործողությունների իրականացման իրավիճակներ, այդ թվում՝ «պատանդների» ազատում և «ահաբեկիչների» հետ բանակցությունների վարում։ Նման զորավարժություններ յուրաքանչյուր տարի իրականացվում են նաև ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի հետ, որոնք սովորաբար անցնում են մի քանի փուլով, վարժանքներին մասնակցող պետությունների տարածքներում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների ներգրավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող ոչ մի պետական մարմին չի կարող հասնել հաջողության առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցության։
Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր մակարդակ ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետևողական, գրագետ, պլանավորված և համագործակցված գործողությունների իրականացում:
ՀՀ-ում արձանագրված տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալների համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրական սպառնալիք է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, քանի որ այդ բնույթի հանցագործությունները ուղղակի հարվածում են պետության կենսագործունեության համար կարևորագույն՝ ֆինանսական, տնտեսական ոլորտների բնականոն աշխատանքին, հակասում են տնտեսվարողների միջև հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին, ինչպես նաև վտանգում են Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական գրավչությունը հնարավոր խոշոր ներդրումների համար։ ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությամբ պայմանավորված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված իրավական, կառուցվածքային և կազմակերպչական բնույթի լուրջ բարեփոխումների շրջանակում, վերը նշված սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծվել է Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման առանձին մարմին։
Ստորաբաժանումը հակահետախուզական ապահովում է իրականացնում հիմնականում կենսապահովման, ֆինանսաբյուջետային, հարկային, մաքսային, տրանսպորտի, դատական ու իրավապահ համակարգերի ոլորտներում, ինչպես նաև կատարում է համապատասխան տեղեկատվավերլուծական աշխատանք, որն իրականացվում է ԱԱԾ` մասնագիտական համապատասխան գիտելիքներ ունեցող աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման մարմինը համագործակցում է ինչպես ԱԱԾ ստորաբաժանումների, այնպես էլ այլ գերատեսչությունների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ: