Ծառայություն
Զինանշան, դրոշ, թևքանշաններ և պարգևներ
ԱԱԾ զինանշան

Զինանշանի հիմնական գույնն արծաթագույնն է, որը խորհրդանշում է անբասիրություն, ազնվություն, իմաստություն, գթասրտություն և խորհրդավորություն։ Զինանշանը շրջանաձև է՝ շրջանի կենտրոնում պատկերված է արծաթագույն սուրը և վահանը բռնած բրոնզագույն արծիվը։ Բրոնզագույն արծիվը խորհրդանշում է հզորություն, զգոնություն, տոկունություն, ամրություն, հուսալիություն և կամք, սուրը, որի շեղբի մի մասը պատկերված է շրջանից դուրս, խորհրդանշում է պետականության դեմ ուղղված ոտնձգություններին հակազդելու և պայքարելու կամքի ուժ, իսկ վահանը պետականության պաշտպանության խորհրդանիշն է:
Սուրը գտնվում է արծվի աջ ճանկում, իսկ սրի շեղբի մի մասը պատկերված է շրջանից դուրս։ Վահանի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը խորհրդանշում է հայրենասիրություն, հավատարմություն հայրենիքին և զինվորական երդմանը։ Շրջանի վերևի մասում գրված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանը և վահանը երիզված են ոսկեգույն շրջանակով, որը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բարձր ու պատվավոր կարգավիճակը պետության անվտանգության ապահովման գործում: Զինանշանի բնօրինակը պատրաստված է արույրից, իսկ վահանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պատկերված է արծնով: Զինանշանի բնօրինակը դրվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատասենյակում՝ բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա: (Քաղվածք ՀՀ ԱԱԾ տնօրենի 2026 թվականի մարտի 30-ի N 17-Լ հրամանի N 2 հավելվածից)
ԱԱԾ դրոշ


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշն ԱԱԾ յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է՝ հայրենիքին անձնուրաց ծառայելու, անձի, հասարակության և պետության անվտանգությունն ապահովելու մասին։
Դրոշը մշտապես պահվում է ԱԱԾ–ում։ ԱԱԾ յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը։
(Քաղվածք ՀՀ ԱԱԾ տնօրենի 2026 թվականի մարտի 30-ի N 17-Լ հրամանի N 1 հավելվածից)
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

Հայրենիքի շքանշան
Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Փառքի շքանշան
Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Տիգրան Մեծ շքանշան
Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Մարտական խաչ» շքանշան
«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Պատվո շքանշան
Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Արիության մեդալ
Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալ
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
ՀՀ ԱԱԾ գերատեսչական պարգևներ

«Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշան
ՀՀ ԱԱԾ բարձրագույն պարգևն է, որով պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության մարմիններում 15 տարի և ավելի անբասիր ծառայած սպաները`
- օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձեռք բերած կոնկրետ արդյունքների, օպերատիվ առաջադրանքների գերազանց կատարման և այդ ընթացքում ցուցաբերած նախաձեռնության ու համառության համար,
- կադրերի մարտական պատրաստականության, դաստիարակության և ուսուցման գործում ձեռք բերած հաջողությունների, զինվորական և ծառայողական կարգապահության ամրապնդման համար,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների և գործընկեր երկրների անվտանգության մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում ծառայությունների համար:

«ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշան
«ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրվում են՝
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության սպաները և ենթասպաները, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները` ՀՀ ազգային անվտանգության ապահովման և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների տեխնիկական վերազինման, անձնակազմի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիները` ՀՀ ազգային անվտանգության մարմիններին ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար:

«Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշան
«Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են՝
- հետախուզությունում, որպես կանոն, 10 տարի ծառայած ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները` հետախուզական աշխատանքներում զգալի արդյունքների հասնելու, օպերատիվ աղբյուրների ցանցի ստեղծման, օպերատիվ-հետախուզական տեղեկատվության ձեռքբերման, երիտասարդ կադրերին արտերկրի պայմաններում հետախուզական աշխատանքների նախապատրաստելու գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ ազային անվտանության մարմինների սպաները` ՀՀ ԱԱԾ հետախուզության մարմնի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ցուցաբերած աջակցության համար,
- օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` ՀՀ ազգային անվտանության մարմինների համար հետախուզության որակյալ կադրերի պատրաստման, հետախուզական նպատակով, ինչպես նաև միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համատեղ միջոցառումների անցկացման գործում ունեցած ներդրումների համար:
«Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ
«Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով պարգևատրվում են զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած, անբասիր զինվորական կարգապահություն ցուցաբերած ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները, ենթասպաները և պայմանագրային զինծառայողները: «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի երեք աստիճան, մեդալի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 20 տարի:

«Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ
«Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 15 տարի (ՀՀ ԱԱԾ տնօրենի 2004թ․ նոյեմբերի 15-ի N 78-Ա հրամանով հիմնված «Անբասիր ծառայության համար» մեդալը համարժեք է «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալին)։

«Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ
«Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 10 տարի:

«Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալ
«Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալով պարգևատրվում են՝
- սահմանապահ զորքերի սպաները և ենթասպաները` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության, կազմակերպչական հմտության, մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրումների համար,
- ՀՀ ԱԱԾ և զինված ուժերի զինծառայողները` ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախության համար,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրացիները` պետական սահմանի պահպանության կազմակերպման և ամրապնդման հարցերում սահմանապահ զորքերին աջակցություն ցուցաբերելու համար:

«Սահմանապահ զորքերի 30-ամյակ» հոբելյանական մեդալ
«Սահմանապահ զորքերի 30-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով առնվազն 10 տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող, բարեխիղճ ծառայությամբ և բարձր զինվորական կարգապահությամբ աչքի ընկած ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վետերաները, ինչպես նաև նախկին աշխատակիցները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կայացման և ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք և ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին ցուցաբերած աջակցության համար,
- Ազգային անվտանգության մարմիններում նախկինում ծառայած և պետական այլ մարմիններ տեղափոխված անձինք, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցները՝ ազգային անվտանգության ապահովման գործում ավանդ ներդնելու համար,
- օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և քաղաքացիները՝ արդյունավետ փոխգործակցության համար:

«Մարտական համագործակցության համար» մեդալ
«Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ զինված ուժերի զինծառայողները և ոստիկանության աշխատակիցները` ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման գործում մատուցած ծառայությունների համար,
- օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` միջազգային բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման, ՀՀ ազգային անվտանգության մարմինների որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, անվտանգության նպատակով հատուկ միջոցառումների համատեղ անցկացման գործում ունեցած ներդրումների համար:

«Անվտանգության մարմինների վետերան» մեդալ
«Անվտանգության մարմինների վետերան» մեդալով պարգևատրվում են զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած, անբասիր զինվորական կարգապահություն ցուցաբերած և ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով 25 տարի և ավելի զինվորական ծառայության ստաժ ունեցող ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները, ենթասպաները, պայմանագրային զինծառայողները և վետերանները:

Հոբելյանական մեդալ «Անվտանգության մարմինների 100-ամյակ»
«Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրվում են ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և բարձր պաշտոններ, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող սպաները, ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով 10 և ավելի տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին և ավագ պաշտոններ զբաղեցնող սպաները, օրացուցային հաշվարկով 15 և ավելի տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ զբաղեցնող ենթասպաները, ազգային անվտանգության մարմինների վետերանները, ինչպես նաև նախկին աշխատակիցները` ծառայության կայացման ու ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար։ Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար, ազգային անվտանգության մարմիններում նախկինում ծառայած և պետական այլ մարմիններ տեղափոխված անձինք, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցները` ազգային անվտանգության ապահովման գործում ավանդ ներդնելու համար։ Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, քաղաքացիները` արդյունավետ փոխգործակցության համար:

«Սահմանային համագործակցության համար» մեդալ
«Սահմանային համագործակցության համար» մեդալով պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական ծառայողները, ֆիզիկական անձինք, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների աշխատակիցներն ու անհատները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար:

«Անառիկ սահման» մեդալ
«Անառիկ սահման» մեդալով պարգևատրվում են՝
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության ընթացքում օպերատիվ-ծառայողական և մարտա-ծառայողական գործունեության արդյունքում նշանակալի ձեռքբերումների համար,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սպաները, ենթասպաները, քաղաքացիական աշխատանք կատարող անձինք՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անվտանգության ապահովման գործում ունեցած ձեռքբերումների համար։

«Պատվավոր սահմանապահ» կրծքանշան
«Պատվավոր սահմանապահ» կրծքանշանով պարգևատրվում են՝
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ծառայությամբ և բարձր զինվորական կարգապահությամբ և ում զինվորական ծառայության ստաժն օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 20 տարի,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում 20 օրացուցային տարի և ավելի ծառայած վետերանները:

«Արաքսի պահապան» կրծքանշան
«Արաքսի պահապան» կրծքանշանով պարգևատրվում են՝
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատում 3 օրացուցային տարի և ավելի ծառայած զինծառայողները (այդ թվում և նախկին),
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատին վստահված տեղամասի պահպանության գործում ներդրում ունեցած և առանձնակի հաջողություններ արձանագրած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սպաները, ենթասպաները, քաղաքացիական աշխատանք կատարող անձինք:
«Գերազանց ծառայության համար» կրծքանշան
«Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, հատուկ մարտական գործողությունների անցկացման ժամանակ արիություն և խիզախություն, մարտական պատրաստության մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ՀՀ ԱԱԾ շարքային կազմի զինծառայողները:
ՀՀ ազգային անվտանգության մարմինների զինծառայողների թեվքանշաններ

ՀՀ ԱԱԾ համազգեստի թևքանշան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համազգեստի թևքանշան