Գիտաուսումնական կենտրոն
Կենտրոնի մասին

1993 թվականի սեպտեմբերի 3-ին Ազգային անվտանգության պետական վարչության պետի հրամանով դրվեցին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գիտաուսումնական հաստատության ստեղծման հիմքերը։ Ձևավորվեցին Բարձրագույն դասընթացները, որոնց առջև պետության կայացման բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում խնդիր էր դրված ապահովելու օպերատիվ անձնակազմի պատրաստումը, վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը։
Գործունեության սկզբնական փուլում Բարձրագույն դասընթացների հիմնական առաքելությունն էր եռամսյա ուսուցման միջոցով ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ անձնակազմի հատուկ պատրաստության անհրաժեշտ նվազագույն մակարդակի ապահովումը։
Ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով կոնկրետ քրեական գործերի և օպերատիվ նյութերի վերլուծության հիման վրա մշակվեցին համապատասխան ձեռնարկներ, ուսումնական նյութեր և դասախոսություններ։ Դասընթացների և գործնական պարապմունքների անցկացմանը ներգրավվեցին նաև Ազգային անվտանգության պետական վարչության գործող ղեկավարներ և փորձառու աշխատակիցներ։ Այս ավանդույթը, որը հնարավորություն է տալիս ունկնդիրների տեսական գիտելիքները համադրել գործնական փորձի հետ և նպաստում է մասնագիտական փորձի փոխանցմանը, շարունակվում է մինչ օրս։
1998 թվականի վերջին ավարտվեց Բարձրագույն դասընթացների՝ որպես մասնագիտացված ուսումնական հաստատության կայացման հիմնական փուլը։ Հաստատությունն արդեն կարողանում էր ազգային անվտանգության մարմինների կարիքներին համապատասխան՝ օպերատիվ-ծառայողական գործունեության տարբեր ուղղություններով իրականացնել աշխատակիցների պատրաստում և վերապատրաստում։
Գործունեության ընդլայնման և զարգացման նոր պահանջներին համահունչ՝ 2001 թվականին Բարձրագույն դասընթացներին հատկացվեց առանձին վարչական շենք, ինչը նոր հնարավորություններ ստեղծեց ուսումնական գործընթացի կազմակերպման և հետագա զարգացման համար։
2003 թվականին Բարձրագույն դասընթացների բազայի վրա ստեղծվեց Գիտաուսումնական կենտրոնը՝ հիմք դնելով ազգային անվտանգության ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և գիտական գործունեության զարգացման նոր փուլին։