Ծառայություն
Պատմություն
Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի՝ հազարամյակների խորքից ձգվող պատմության հետ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանում (Ք.ա. IX-VII դդ.) հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Հին և Միջնադարյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ (նախարարական տներ, գործակալություններ), այնպես էլ առանձին պետական պաշտոնյաներ: Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև ռազմական և այլ գաղտնիքների պահպանությունը:
Արխիվային տվյալները թեև սուղ են, բայց հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հատուկ ծառայությունները Առաջին Հանրապետության անվտանգության համակարգի անբաժանելի մասն են կազմել: 1918-20թթ. դժվարին պայմաններում այդ կարևոր կառույցը գործել է որպես ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունք: Հատուկ ծառայությունների գործունեության առանցքը կազմել է պայքարը օտարերկրյա պետությունների թշնամական գործունեության դեմ: Փոքրաքանակ կադրային ռեսուրսներով և սուղ հնարավորություններով ձեռք են բերվել անհրաժեշտ տեղեկություններ Անդրկովկասում ուժերի դասավորության, զորքերի տեղաշարժի, թշնամաբար տրամադրված պետությունների կողմից ձեռնարկվող քայքայիչ գործողությունների վերաբերյալ: Բացահայտվել են մի շարք լրտեսներ, այդ թվում վնասազերծվել և որպես անցանկալի անձ երկրից արտաքսվել է լրտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա դիվանագետը:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի օր անց՝ 1920թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հեղկոմի ընդունած առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (ԱՀ) ստեղծմանը:
ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը (Այվազյան): 1921թ. հունվարից կառույցը ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը, որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ. ղեկավարել է համակարգը): 1929թ. մարտից մինչև 1930թ. հոկտեմբեր ՀԽՍՀ պետքաղվարչությունում մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օտյանը, ովքեր, այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը, դարձան 1937-1938թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:
Հայրենական Մեծ պատերազմի և հետպատերազմյան տարիներին Հայաստանի պետանվտանգության մարմիններում ծառայել են պատերազմի ավելի քան 260 մասնակիցներ, որոնք քաջաբար մարտնչել են տարբեր ռազմաճակատներում:
1954թ. մարտի 13-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ) կազմավորելու մասին:
1991թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի անկախությունը դարձավ իրականություն, և օրակարգային դարձավ անվտանգության մարմինների վերակազմավորման հիմնախնդիրը:
1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին ՀՀ օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն (ԱԱՊՎ):
Նորանկախ պետության ձևավորման առաջին տարիներին անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց նվիրական մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի համար մղված մարտերում:
1995թ. ԱԱՊՎ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարություն:
1996թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների միավորման արդյունքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (ՀՀ ՆԳ և ԱԱՆ), որը կրկին տարանջատվեց 1999թ. նոյեմբերի 13-ին:
ՀՀ նախագահի հրամանագրով 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերակազմավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԿԱ ԱԱԾ):
2018 թվականի հունիսի 28-ին հաստատվեց ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին հանդիսացող ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) նոր կանոնադրությունը և կառուցվածքը, ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում՝ տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման գործառույթներով:
ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողներն անձնվիրաբար մասնակցել են 2020թ. արցախյան պատերազմին՝ տալով տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց անուններն ու անձնազոհությունը, ինչպես հազարավոր մյուս հայորդիների դեպքում, հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ և ոսկե տառերով կգրվեն հայոց պատմության էջերում:

Արմեն Վաղարշակի Աբազյան (ծնվ. 1971թ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2020-2025թթ.) գեներալ-լեյտենանտ

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (ծնվ. 1991թ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2020թ. հունիս-հոկտեմբեր) գնդապետ

Էդուարդ Աշոտի Մարտիրոսյան (ծնվ. 1974թ.)
ՀՀԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (2019-2020 թթ.) ՀՀ ԱԱԾ տնօրեն (2020թ. մարտ-հունիս) գնդապետ

Արթուր Գագիկի Վանեցյան (ծնվ. 1979թ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2018-2019թթ.) գեներալ-մայոր

Գեորգի Կարենի Կուտոյան (1981-2020թթ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2016-2018թթ.) գեներալ-մայոր

Գորիկ Գուրգենի Հակոբյան (1946-2017թթ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2004-2016թթ.) գեներալ-գնդապետ

Կառլոս Խաչիկի Պետրոսյան (ծնվ. 1951թ.)
ԱԱ նախարար (1999-2002թթ.), ԱԱԾ տնօրեն (2002-2004թթ.) գեներալ-լեյտենանտ

Սերժ Ազատի Սարգսյան (ծնվ. 1954թ.)
ԱԱ նախարար (1995-1996թթ.), ՆԳ և ԱԱ նախարար (1996-99թթ.)

Դավիթ Գուրգենի Շահնազարյան (ծնվ. 1954թ.)
ԱԱՊՎ պետ (1994-1995թթ.)

Էդուարդ Գրիգորի Սիմոնյանց (1937-2005թթ.)
ԱԱՊՎ պետ (1993-1994թթ.) գեներալ-մայոր

Վալերի Վաղարշակի Պողոսյան (ծնվ. 1944թ.)
ԱԱՊՎ պետ (1992-1993թթ.) գեներալ-մայոր

Հուսիկ Սուրենի Հարությունյան (1945-2006)
ԱԱՊՎ պետ (1991-1992թթ.) գեներալ-մայոր

Վալերի Գեորգիի Բադամյանց (1940-2023թթ.)
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1988-1991) գեներալ-մայոր

Մարիուս Արամի Յուզբաշյան (1924-1993թթ.)
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1978-1988թթ.) գեներալ-լեյտենանտ

Հրայր Ավանեսի Միխայելյան (1920-1995թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1975-1978թթ.) գեներալ-մայոր

Արկադի Պավելի Ռագոզին (1918-1998թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1972-1975թթ.) գեներալ-լեյտենանտ

Գեորգի Արտաշեսի Բադամյանց (1910-1988թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1954-72թթ.) գեներալ-լեյտենանտ

Սերգեյ Արկադիի Կորխմազյան (1912-1974թթ.)
ՊԱ նախարար (1947-1952թթ.) գնդապետ

Նիկիտա Արկադիի Քրիմյան (1913 -1955թթ.)
ՊԱ ժողկոմ-ՊԱ նախարար (1945-1947թթ.) գնդապետ

Գեորգի Իոսիֆի Մարտիրոսով (1906-1977թթ.)
ՆԳ ժողկոմ (1941-1943թթ.), ՊԱ ժողկոմ (1952-1953թթ.), ՆԳ նախարար (1953-1954թթ.) գեներալ-մայոր

Ալեքսեյ Վասիլիի Կորոտկով (1906-45թթ.)
ՆԳ ժողկոմ (1939թ. - 1941թ.), ՊԱ ժողկոմ (1941թ. փետրվար- հուլիս)

Վիկտոր Վասիլիի Խվորոստյան (1903-39թթ.)
ՆԳ ժողկոմ (1937թ. - 1939թ.) ՊԱ մայոր

Խաչիկ Խլղաթի Մուղդուսի (1898-1938թթ.)
ՆԳԺԿ պետ (1934թ. - 1937թ.),ՊԱ մայոր

Արմենակ Գերասիմի Աբուլյան (1895-1935թթ.)
ՊՔՎ նախագահ (1930թ. - 1934թ.)

Սեդրակ Գևորգի Օտյան (1898-1937թթ.)
ՊՔՎ նախագահ (1930թ. մայիս-հոկտեմբեր)

Հայկ Գրիգորի Պետրոսյան (1897-1938թթ.)
ՊՔՎ նախագահ (1929թ. - 1930թ.)

Սեդրակ Նիկոլայի Մարգարյան (1898-1937թթ.)
ՊՔՎ նախագահ (1929թ. մարտ- նոյեմբեր)

Սերգեյ Դմիտրիի Մելիք-Օսիպով (1882-1937թթ.)
ԱՀ նախագահ (1924թ. - 1929թ.)

Շավարշ Մեհրաբի Ամիրխանյան (1894-1959թթ.)
ԱՀ նախագահ (1921թ. - 1924թ.)

Նիկոլայ Եմելյանի Այվազյան (1889-1937թթ.)
ԱՀ նախագահ (1920թ. դեկտեմբեր - 1921թ. հունվար)
Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների գործունեությունն է՝ ուղղված արտաքին ու ներքին անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:
Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում է, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր մտավոր բարձր կարողություններով, մասնավորապես, վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մտավոր մեծ կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի: Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյանի բնորոշմամբ.
«Ըստ էության, պետության հետախուզական համակարգի վիճակն արտացոլում է նրա «առողջությունը», այսինքն՝ նրա ուժը և միջազգային հեղինակությունը»:
Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ Գոհար Վարդանյանի վկայությամբ.
«Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից և իրականում նրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը: Հնուց ի վեր բոլոր ազգերի հետախույզները զբաղվում են տեղեկույթի հայթայթմամբ, ընդ որում այնպիսի տեղեկույթի, որը հատկապես թաքցվել և թաքցվում է «օտար աչքերից»:
Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություն: Այդ իսկ պատճառով, հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր և հոգեբանական գերազանցություն, այլև ֆիզիկական պատրաստվածություն, նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն և այլն:
Պատմությանն ուղղված հետադարձ հայացքը նկատելի է դարձնում, որ նշված հատկանիշները բնորոշ են մեր ազգի ներկայացուցիչներին: Մեզ այդպիսին են դարձրել անցած հազարամյակները՝ հայրենի երկրի պաշտպանության համար մղվող պայքարը, պետականության վերականգնման գոյամարտը, ռեսուրսների սակավությունը: Հավանաբար դա է պատճառը, որ հետախուզության բնագավառում հայերն աչքի են ընկնում այնպիսի փայլուն մասնագետներով, որոնց անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ հիմնվել են հետախուզական կառույցներ, իսկ հետագայում՝ օպերատիվ գործունեության նոր ուղղություններ»:

ԴԱՎԹՅԱՆ (ԴԱՎԻԴՈՎ)
Հակոբ Քրիստափորի

ՔԱԹԱՆՅԱՆ
Ռուբեն Պավելի

ԱՂԱՅԱՆՑ
Իվան Իվանի

ԱՂԱՅԱՆՑ
Ալեքսանդր Իվանի

ԱՎԱՆԵՍՈՎ
Վառլամ Ալեքսանդրի

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հայկ Բադալի

ԱՂԱՅԱՆ
Գուրգեն Սեմյոնի

ԲԱԼԱՍԱՆՈՎ
Գերասիմ Մարտինի

ԳՈՒՐԳԵՆՈՎ
Վյաչեսլավ Իվանի

ԱԼԱՎԵՐԴՈՎ
Միխայիլ Անդրեյի

ՄՆԱՑԱԿԱՆՈՎ
Ազարիա Հայրապետի

ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Մարիուս Արամի

ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԿԵՎՈՐԿՈՎ)
Վյաչեսլավ Երվանդի

ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հայկ Ղազարի

ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լևոն Պարույրի

ՂԱՍԱԲՅԱՆՆԵՐ
Զոհրաբ և Արշալույս

ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ Աբգարի

ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գևորգ Անդրեյի