ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին (տեսանյութ, լուսանկարներ)

22.02.2022

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ  Արման Գասպարյանը, «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ  և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։ Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկները ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար: Ծնողներն ու հարազատները, ովքեր ժամանել էին Հայաստանի տարբեր մարզերից, առանձնակի հուզմունքով էին հետևում իրենց զավակների երդման արարողությանը, արդեն զինվոր դարձած տղաների խրոխտ շարքերին:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.

- «Քիչ առաջ զորամասի մարտական դրոշի ներքո հանդիսավոր երդում տվեցին սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները: Այստեղ բոլոր ներկաները քաջ գիտակցում են՝ ինչ կարևորություն և նշանակություն ունի երդումը զինվորականի կյանքում: Երդվել է Նժդեհը, Մոնթեն, Վազգենը, երդվել են մերօրյա հերոսները, և այսօր երդվում եք դուք՝ իմ զինակից ընկերներ: Երդվում եք անմնացորդ նվիրվելու հայրենյաց սահմանների պաշտպանությանը, երդվում եք պատվով շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվում եք անձնվիրաբար պաշտպանել երկրի սահմանները: Վստահ եմ, որ ծառայությունը շարունակելով պետական սահմանի տարբեր ստորաբաժանումներում` ձեր զգոնությամբ հայրենի սահմանները կդարձնեք ավելի ամուր ու անառիկ»:

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան և զինվորական երդում ընդունելու կապակցությամբ նորակոչիկներին շնորհավորեցին նաև «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների և կենսաթոշակառուների միավորում» ՀԿ նախագահ Հովսեփ Կարապետյանն ու նորակոչիկների ծնողները:

© 2018 ՀՀ ԱԱԾ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: