Նախարարություն

Հայազգի հետախույզներ

Հետախուզական գործունեությունը, այդ թվում` արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների գործունեությունն է՝ ուղղված արտաքին ու ներքին անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:

Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում է, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր մտավոր բարձր կարողություններով, մասնավորապես, վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մտավոր մեծ կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի: Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյանի բնորոշմամբ.

«Ըստ էության, պետության հետախուզական համակարգի վիճակն արտացոլում է նրա «առողջությունը», այսինքն՝ նրա ուժը և միջազգային հեղինակությունը»:

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ Գոհար Վարդանյանի վկայությամբ.

«Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից և իրականում նրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը: Հնուց ի վեր բոլոր ազգերի հետախույզները զբաղվում են տեղեկույթի հայթայթմամբ, ընդ որում այնպիսի տեղեկույթի, որը հատկապես թաքցվել և թաքցվում է «օտար աչքերից»:

Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություն: Այդ իսկ պատճառով, հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր և հոգեբանական գերազանցություն, այլև ֆիզիկական պատրաստվածություն, նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն և այլն:

Պատմությանն ուղղված հետադարձ հայացքը նկատելի է դարձնում, որ նշված հատկանիշները բնորոշ են մեր ազգի ներկայացուցիչներին: Մեզ այդպիսին են դարձրել անցած հազարամյակները՝ հայրենի երկրի պաշտպանության համար մղվող պայքարը, պետականության վերականգնման գոյամարտը, ռեսուրսների սակավությունը: Հավանաբար դա է պատճառը, որ հետախուզության բնագավառում հայերն աչքի են ընկնում այնպիսի փայլուն մասնագետներով, որոնց անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ հիմնվել են հետախուզական կառույցներ, իսկ հետագայում՝ օպերատիվ գործունեության նոր ուղղություններ»: